«Մի դրամի ուժը» Իդրամ ընկերության ԿՍՊ ծրագիրն է, որն ուղղված է աջակցելու Հայաստանում կենսական և ռազմավարական կարևորություն ունեցող մի շարք ոլորտների զարգացմանը՝ առողջապահություն, կրթություն, կանաչ տնտեսություն, միջավայրի պահպանություն, սոցիալական պատասխանատվություն և հանրային անվտանգություն։
2020թ. հունիսի 5-ից սկսած Իդրամ հավելվածով, կայքով և տերմինալների միջոցով հաճախորդների կողմից կատարված բոլոր տեսակի վճարումներից Իդրամն իր ֆինանսական միջոցներից «Մի դրամի ուժը» ծրագրին կտրամադրի 1 ՀՀ դրամ։ Այսպիսով, ցանկացած անձ, ով Իդրամ համակարգով կկատարի վճարում, անմիջապես կդառնա «Մի դրամի ուժը» ծրագրի բարի կամքի դեսպանը՝ առանց մի դրամ ավել ծախսելու։
Մինչև օգոստոսի 23-ը ընկած ժամանակահատվածում հավաքված «մի դրամների» ողջ գումարը կուղղվի ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գյուղերի ու համայնքների աշակերտների համար հեռավար ուսուցման նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը:
Առաջիկայում կհայտարարվի ծրագրի այս տարվա բոլոր շահառու կառույցների և նախագծերի շարքը։
Ծրագրի նպատակն է հանրությանը ներկայացնել, թե որքան հեշտ կարելի է դիմակայել մարտահրավերներին և լուծել մեր առջև ծառացած խնդիրները, երբ բոլորը համախմբված են նույն նպատակի շուրջ։ Այստեղ մի դրամի դերը սիմվոլիկ է և ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել վերջինիս ուժը, երբ մենք միավորվում ենք և մեր «մի դրամներն» ուղղում մեր երկիրը և շրջակա միջավայրն ավելի բարեկարգ ու զարգացած դարձնելու նպատակին։
Ամեն ինչ սկսվում է մի դրամից...