Զանգահարեք մեզ
(+37460) 700 700
Այցելեք մեզ
Քարտեզ
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
Գրանցվել
Հեռացնե՞լ խումբն իր բոլոր գրառումներով:
Համալրել
Վճարել
Փոխանցել
Համալրել
Վճարել
Փոխանցել
Հրապարակային պայմանագիր

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

1. Պայմանագրում օգտագործված հիմնական հասկացությունները
1.1. Հրապարակային պայմանագիր՝ Համակարգի օպերատորի և Օգտատիրոջ միջև կնքվող` Համակարգի միջոցով էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման համար Հաշվառման հաշվի բացման և համալրման, ինչպես նաև էլեկտրոնային փողով Համակարգում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր:
1.2. Էլեկտրոնային փող՝ «Իդրամ» համակարգչային համակարգի հիման վրա էլեկտրոնային փողեր՝համակարգչի կամ այլ էլեկտրոնային սարքի վրա տեղադրված օպերացիոն համակարգում և հատուկ ծրագրային ապահովման միջոցով հաշվառված դրամական արժեք, որը թույլ է տալիս այն Օգտատիրոջը նախապես ձեռք բերված վիրտուալ/ցանցային փողի (կանխավճարված էլեկտրոնային արժեքի), այսուհետ` «Իդրամ» միավորների միջոցով կատարել վճարում Համակարգում մատուցվող ծառայությունների դիմաց` Հրապարակային պայմանագրի և Համակարգի կանոնների համաձայն:
1.3. Վերալիցքավորվող էլեկտրոնային փող՝ միկրոպրոցեսորում (չիպում) կամ «Իդրամ» ԻՎՀ տվյալների կենտրոնացված շտեմարանում պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր է վերահամալրել (ավելացնել):
1.4. Մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փող՝ «Իդրամ» ԻՎՀ տվյալների կենտրոնացված շտեմարանում կամ միկրոպրոցեսորում (չիպում) պահվող դրամական արժեք (կանխավճարված էլեկտրոնային արժեք), որը հնարավոր չէ վերահամալրել: Օգտատիրոջը չնույնականացնող Հաշվառման Հաշվում մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողի նկատմամբ կիրառվում են Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում զետեղված «Էլեկտրոնային փողով իրականացվող գործարքների չափերի և սահմանափակումների կիրառման կարգով» սահմանված սահմանափակումները:
1.5. Օգտագործող կամ Օգտատեր` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Համակարգի օպերատորի հետ կնքել է Հրապարակային պայմանագիր` Համակարգի օպերատորի կողմից նախապես հայտարարված և սահմանված պայմանների ու կանոնների համաձայն էլեկտրոնային փող ձեռք բերելու և էլեկտրոնային փողով մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու վերաբերյալ:
1.6. Համակարգ կամ «Իդրամ» ԻՎՀ /ինտերնետ վճարային համակարգ/՝ «Իդրամ» միավորներով հաշվարկների իրականացման համակարգ. «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի, Օգտատերերի, Ծառայություն մատուցողների, Տարածողների և/կամ Գործակալների (այսուհետ`Մասնակիցներ), ինչպես նաև Էլեկտրոնային փողերի թողարկումը և սպասարկումը ապահովող կարգերի, ապարատածրագրային համալիրի և գործընթացների ամբողջություն:
1.7. Համակարգի օպերատոր՝ «Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն /գրանցման համար` 286.110.06775, ՀՎՀՀ` 02588245/, որը պատասխանատու է «Իդրամ» ԻՎՀ գործունեության համար և հանդիսանում է «Իդրամ» միավորներով հաշվարկների իրականացման համակարգի օպերատոր:
1.8. Ծառայություններ մատուցող անձ` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը Համակարգի օպերատորի հետ կնքել է պայմանագիր վաճառվող ապրանքների և/կամ կատարվող աշխատանքների և/կամ մատուցվող ծառայությունների և/կամ քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական և այլ գործարքների դիմաց Համակարգի օպերատորի կողմից թողարկված Էլեկտրոնային փողերը Օգտատերերից որպես վճարամիջոց ընդունելու մասին` Համակարգի կանոնների համաձայն:
1.9. Գործակալ` Համակարգի օպերատորից տարբերվող ֆինանսական կազմակերպություն, որը Համակարգի օպերատորի հետ կնքած պայմանագրի հիման վրա իրականացնում է Էլեկտրոնային փողի մարում կամ համալրում Համակարգի կանոնների համաձայն:
1.10. Ֆինանսական կազմակերպություն` դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա ստացած կազմակերպություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ օտարերկրյա բանկի մասնաճյուղ:
1.11. Համակարգի կանոններ` Մասնակիցների միջև էլեկտրոնային փողերի սպասարկման/ օգտագործման ժամանակ հաշվարկների իրականացումը և համագործակցությունն ապահովող նորմերի, կարգերի և ընթացակարգերի ամբողջություն:
1.12. Հաշվառման հաշիվ կամ «Իդրամ» ID` ունիկալ իննանիշ թիվ, Համակարգի օպերատորի տվյալների կենտրոնացված շտեմարանում Օգտատիրոջ կամ Ծառայություն մատուցողի անունով բացված և Համակարգի օպերատորի կողմից վարվող/սպասարկվող հաշիվ, որի վրա համալրվում են (լիցքավորվում են) «Իդրամ» միավորները:
1.13. Հաշվառման հաշվի համալրում (լիցքավորում)` գործառույթ, որը հնարավորություն է տալիս Օգտատիրոջը կանխիկ, անկանխիկ վճարման դիմաց կամ այլ էլեկտրոնային փողերի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողերի փոխարկման միջոցով համարժեք դրամական միջոցների դիմաց ձեռք բերել էլեկտրոնային արժեք` «Իդրամ» միավորներ և համալրել հաշվառման հաշիվը:
1.14. Էլեկտրոնային փողերի սպասարկում`Էլեկտրոնային փողերով գործառնությունների կատարման ժամանակ Մասնակիցների միջև հաշվարկների իրականացման ապահովում, որի արդյունքում Օգտատերը հնարավորություն է ստանում իր կողմից ձեռք բերված Էլեկտրոնային փողը կանխիկացնել (ներկայացնել մարման), վճարել Ծառայություններ մատուցող անձին մատուցված ծառայությունների դիմաց և կատարել փոխանցումներ այլ անձի/անձանց, իսկ Հրապարակային պայմանագրով նախատեսված դեպքերում` նաև համալրել Հաշվառման հաշիվը, իրականացնել այլ էլեկտրոնային փողերի համակարգի կողմից թողարկված էլեկտրոնային փողերի փոխարկում:
1.15. Էլեկտրոնային փողի մարում` գործառույթ, որի արդյունքում էլեկտրոնային փողի դիմաց համարժեք գումար է վճարվում Օգտատիրոջը կամ Օգտատիրոջ կողմից մատնանշած այլ անձի` կանխիկ կամ անկանխիկ եղանակով, կամ Էլեկտրոնային փողը փոխարկվում է այլ էլեկտրոնային փողի:
1.16. Գաղտնաբառ` Օգտատիրոջ կողմից ստեղծվող սիմվոլների համակցություն, որը Համակարգի կողմից օգտագործվում է որպես Օգտատիրոջ նույնականացման միջոց և թույլ է տալիս մուտք գործել Համակարգ և օգտվել Համակարգում հասանելի ծառայություններից:
1.17. PIN կոդ՝ Օգտատիրոջ կողմից ստեղծվող թվերի համակցություն, որը «Իդրամ» ԻՎՀ–ի կողմից դիտվում է որպես Օգտատիրոջ էլեկտրոնային ստորագրություն և թույլ է տալիս նրան կատարել վճարումներ և այլ ֆինանսական գործառնություններ, ինչպես նաև կատարել Գաղտնաբառի ու Համակարգի օպերատորի կողմից սահմանված որոշ տվյալների փոփոխություններ:
1.18. Բջջային հեռախոսահամարի նույնականացան կոդ՝ տառերի և/կամ թվերի համակցություն, որն ուղարկվում է Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջ մուտքագրած բջջային հեռախոսահամարին՝ կարճ հաղորդագրության տեսքով՝ մուտքագրված բջջային հեռախոսահամարը Համակարգում նույնականացնելու նպատակով:
1.19. Հաճախորդական պայմանագիր` Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողի միջև կնքված պայմանագիր կամ ձեռք բերված համաձայնություն:
1.20. Հաճախորդի/բաժանորդային հաշիվ`Օգտատիրոջ յուրահատուկ հաշիվը Ծառայություն մատուցողի համակարգում:
1.21. Դրամական փոխադրություն` «Իդրամ» միավորներով արտահայտված դրամական միջոցների փոխանցում և վճարում Օգտատիրոջ կարգադրությամբ վերջինիս կողմից նշված Ստացողին` Համակարգի կանոններին համապատասխան: Դրամական փոխադրության պարտադիր տվյալներն են՝
1.21.1. Համակարգի օպերատորի կողմից գործարքի նույնականացման կոդը,
1.21.2. «Իդրամ» միավորների չափը,
1.21.3. Օգտագիրոջ տվյալները (անուն, ազգանուն, «Իդրամ» ID),
1.21.4. Ստացողի տվյալները (անուն, ազգանուն),
1.21.5. Համակարգի օպերատորի կողմից պահանջվող այլ տվյալներ, որոնք կախված են Դրամական փոխադրության վճարման համակարգից, պայմաններից, տեսակից:
1.22. Ստացող` ֆիզիկական անձ, որը Օգտատիրոջ կարգադրությամբ սահմանված Դրամական փոխադրության ստացողն է:
1.23. Կանխիկացման/սպասարկման կետ` Համակարգի միջոցով կատարված գործառնությունների սպասարկման համար նախատեսված կետ (օրինակ` Համակարգի օպերատորի մասնաճուղեր, Ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղեր, բանկոմատներ, ավտոմատ ինքնասպասարկող սարքեր և այլն):
1.24. Համակարգի օպերատորի պաշտոնական կայք՝ www.idram.am ինտերնետի տիրույթում գտնվող կայք, որտեղ տեղեկատվություն հրապարակելու համար միակ պատասխանատուն հանդիսանում է Համակարգի օպերատորը և տեղադրված տեղեկատվությունը կրում է պաշտոնական բնույթ:
1.25. Միջնորդավճար` Համակարգի օպերատորի կողմից սահմանված սակագներով և կարգով Օգտատերերից գանձվող գումար: Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում տեղադրվում և պարբերաբար թարմացվում է Միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվությունը:
1.26. Վճարում` Օգտատերերի կողմից դրամական պարտավորության կամ այլ վճարման կատարում. Օգտատիրոջ կողմից իր Հաշվառման հաշվից վճարման կարգադրության հիման վրա Համակարգի օպերատորի կողմից իրականացված գործարք:
1.27. Վճարման ընդունում` Հաշվառման հաշվից Օգտատիրոջ հանձնարարությամբ կատարված գործարքի, Օգտատիրոջ հաշվառման հաշվից համապատասխան գումարի նվազեցման և համապատասխան վճարահաշվարկային փաստաթղթի գեներացման պահ:
1.28. Վճարման կատարում՝ Վճարման փաստացի կատարման վերաբերյալ վճարման հասցեատիրոջ կողմից տեղեկատվության կամ գումարի փաստացի ստացման պահը: Վճարման կատարման ժամկետը կարող է տարբերվել ըստ Ծառայություն մատուցողների կամ մատուցվող ծառայության տեսակի:
1.29. Բջջային դրամապանակ՝ «Իդրամ» ԻՎՀ-ի ծրագրային հավելված, որը նախատեսված է տարբեր օպերացիոն համակարգերի վրա աշխատող սմարթ սարքավորումների (smartphone, tablet) համար, որը հնարավորություն է տալիս կատարելու առցանց գործառնություններ, և որի միջոցով Համակարգի օպերատորն ապահովում է ծառայությունների մատուցումը Օգտատերերին:
1.30. «Իդրամ» ID-ի՝ հաշվառման հաշիվների կարգավիճակները՝ «Իդրամ հաշվառման հաշիվների կարգավիճակները և դրանց նկարագրությունը» փաստաթղթում (այսուհետ՝ նաև Հավելված 2) սահմանված պայմաններով և նկարագրությամբ կարգավիճակներ:
1.31. Համակարգում Օգտատերերի կարգավիճակներ՝ «Օգտատերների նույնականացման կարգը և պայմանանները» փաստաթղթում (այսուհետ՝ նաև Հավելված 3) սահմանված պայմաններով և նկարագրությամբ Օգտատերերի կարգավիճակներ:
1.32. Տվյալների վերականգնման ընթացակարգ՝ Օգտատիրոջ կողմից Գաղտնաբառի և/կամ PIN կոդի կորստի դեպքում, նույնականացված հեռախոսահամարի փոփոխության, նոր Գաղտնաբառի և/կամ PIN կոդ ստանալու կամ Հաշվառման հաշվում առկա որոշ տվյալների փոփոխման կամ վերականգնելու ընթացակարգ, որին Օգտատերը կարող է ծանոթանալ կապ հաստատելով Համակարգի օպերատորի զանգերի կենտրոնի կամ Համակարգի օպերատորի հաճախորդների սպասարկման գրասենյակի հետ:
1.33. Հեղինակավոր ստացող՝ Հեղինակավոր երրորդ կողմ, որն ունի բոլոր լիցենզիաները և թույլտվությունները, որոնք անհրաժեշտ են մատուցելու համար այն ծառայությունները, որոնք ներկայումս առաջարկում է Համակարգի օպերատորը:
1.34. Ավարտված գործարք՝ Գործարք, որով Համակարգի օպերատորը ավարտել է Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների կապակցությամբ Օգտատիրոջ կարգադրությամբ Օգտատիրոջ Հաշվառման հաշվով դրամական փոխանցման կատարումը:
1.35. Չավարտված գործարք՝ Գործարք, որով Համակարգի օպերատորը չի ավարտել Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների կապակցությամբ Օգտատիրոջ կարգադրությամբ Օգտատիրոջ Հաշվառման հաշվով դրամական փոխանցման կատարումը:
1.36. Իրական շահառու՝ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տրված սահմանման իմաստը ունեցող հասկացություն:

2. Պայմանագրի առարկան
2.1. Հրապարակային պայմանագրի համաձայն Համակարգի օպերատորը պարտավորվում է Օգտատիրոջ և Ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների կապակցությամբ Օգտատիրոջ կարգադրությամբ Օգտատիրոջ Հաշվառման հաշվով կատարել դրամական փոխանցումներ, իսկ Օգտատերը պարտավորվում է ընդունել Համակարգի Օպերատորի կողմից պատշաճ ձևով մատուցված ծառայությունները՝ համաձայն Հրապարակային պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Էլեկտրոնային փողով իրականացվող գործարքների չափերի և սահմանափակումների կիրառման կարգի»:
2.2. «Իդրամ» ԻՎՀ-ի միջոցով հասանելի ծառայությունների ցանկը հասանելի է Համակարգի Օպերատորի պաշտոնական կայքում:
2.3. Հրապարակային պայմանագրի համաձայն՝ Համակարգում բոլոր դրամական փոխանցումները կատարվում են Օգտատիրոջ հաշվառման հաշվի դրական միջոցների շրջանակներում: Համապատշասխան փոխանցվող գումարը, ներառյալ՝ միջնորդավճարը /սահմանված լինելու պարագայում/ չպետք է գերազանցի Օգտատիրոջ հաշվառման հաշվին հասանելի «Իդրամ» միավորների չափը՝ համաձայն Հրապարակային պայմանագրի անբաժանելի մաս կազմող «Էլեկտրոնային փողով իրականացվող գործարքների չափերի և սահմանափակումների կիրառման կարգի»:
2.4. «Իդրամ» ԻՎՀ առկա բոլոր տեսակի ծառայությունների կիրառումը Օգտատիրոջ կողմից հնարավոր է միայն նույնականացման իրականացման միջոցով (բացառությամբ` Մեկանգամյա օգտագործման չվերալիցքավորվող էլեկտրոնային փողի): Նույնականացման գործընթացի պայմանները մանրամասն ներկայացված են «Օգտատերների նույնականացման կարգը և պայմանները» փաստաթղթում (այսուհետ` Հավելված 3):
2.5. 1 (մեկ) «Իդրամ» միավորը համարժեք է 1 (մեկ) Հայաստանի Հանրապետության դրամի:

3. Պայմանագրի կնքումը
3.1. Հրապարակային պայմանագրի կնքման համար նախապայման է հանդիսանում Համակարգի օպերատորի կանոնակարգով և Հրապարակային պայմանագրով սահմանված կարգով Համակարգում Օգտատիրոջ գրանցվելը, Համակարգից «Իդրամ» ID ստանալը՝ Բջջային հեռախոսի նույնականացման կոդ մուտքագրելու ճանապարհով: Հրապարակային պայմանագիրը համարվում է կնքված էլեկտրոնային տեսքով` «Իդրամ» ID ստեղծման պահից:
3.1.1. Համակարգում գրանցվելու համար Օգտատերը պետք է համակարգում մուտքագրի իրեն պատկանող կամ իրեն հասանելի բջջային հեռախոսահամար, ստեղծի գաղտնաբառ և PIN կոդ:
3.2. Օգտատերը Հրապարակային պայմանագրի կնքմամբ հաստատում է, որ ինքն ամբողջությամբ ծանոթացել է Հրապարակային պայմանագրի դրույթներին, Համակարգից օգտվելու կանոններին, և այդ կանոններն իր համար ամբողջությամբ հասկանալի և ընդունելի են, Համակարգի օգտագործումն ու Հրապարակային պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը բխում են իր կամ իր կողմից ներկայացվող անձի իրական շահերից, և որևէ կերպ չեն խախտում իր կամ իր կողմից ներկայացված անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաև չեն կարող որևէ վնաս պատճառել նշված անձանց:
3.3. Համակարգի օպերատորն իրավունք ունի իր պաշտոնական կայքում նախապես, բայց ոչ ուշ քան համապատասխան փոփոխությունը կատարելուց առաջ 1 (մեկ) օր առաջ, հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները: Տվյալ դեպքում Օգտատերն իրավունք է ձեռք բերում միակողմանիորեն լուծել Հրապարակային պայմանագիրը՝ այդ մասին տեղեկացնելով Համակարգի օպերատորին: Օգտատիրոջ կողմից սույն կետով սահմանված Հրապարակային պայմանագրի միակողմանիորեն լուծման վերաբերյալ Համակարգի օպերատորին չտեղեկացնելու և Համակարգի ծառայություններից օգտվելու դեպքում նշված փոփոխությունը/փոփոխությունները համարվում են համաձայնեցված և ընդունված Օգտատիրոջ կողմից:
3.4. Օգտատերը պարտավոր է անցնել նույնականացում՝ Հավելված 3-ով սահմանված կարգով:

4. Համակարգի օպերատորի իրավունքներն ու պարտականությունները
4.1. Համակարգի օպերատորը պարտավոր է.
4.1.1. Օգտատիրոջ համար ապահովել Համակարգից անխոչընդոտ օգտվելու հնարավորություն:
4.1.2. Համալրել Օգտատիրոջ հաշվառման հաշիվը՝ համաձայն Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի կամ բջջային հավելվածի «Համալրել» բաժնում նշված ձևերի և պայմանների:
4.1.3. Իրականացնել Օգտատիրոջ պատշաճ նույնականացում՝ համաձայն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ՀՀ կենտրոնական բանկի համապատասխան ակտերի և Հավելված 3-ի:
4.1.4. Միջոցներ ձեռնարկել Համակարգի միջոցով փոխանակվող ինֆորմացիայի գաղտնիության պահպանման և երրորդ անձանց չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից պաշտպանության ուղղությամբ:
4.1.5. «Իդրամ» միավորների մարման մասին Օգտատիրոջ կողմից տրված էլեկտրոնային կարգադրության հիման վրա, կարգադրությունը ստանալու պահից 3 /երեք/ օրվա ընթացքում վերջինիս կամ վերջինիս կողմից մատնանշած անձին տրամադրել Համակարգի միջոցով մարված «Իդրամ» միավորներին համարժեք կանխիկ ՀՀ դրամ՝ գանձելով համապատասխան միջնորդավճար կանխիկացված «Իդրամ» միավորներից:
4.1.6. Իրականացնել Օգտատիրոջ կողմից Գաղտնաբառի և/կամ PIN կոդի կորստի դեպքում նոր Գաղտնաբառի և/կամ PIN կոդի տրամադրում կամ վերականգում` ըստ Տվյալների վերականգնման ընթացակարգի:
4.1.7. Ապահովել Համակարգի գործունեության համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրերի անխափան գործունեությունը:
4.1.8. Համակարգի գործունեության շրջանակներում Օգտատիրոջը տրամադրել տեղեկություններ Համակարգի միջոցով տրամադրվող ծառայությունների և հնարավորությունների մասին:
4.1.9. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Օգտատիրոջը տրամադրել կատարված վճարումները հիմնավորող էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր (էլեկտրոնային անդորրագիր՝ Օգտատիրոջ Հաշվառման հաշվում առկա գործարքների պատմություն բաժնում):
4.1.10. Օգտատիրոջ պահանջի դեպքում, ապահովել Օգտատիրոջ կատարված վճարումները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերի (վճարման փաստաթղթային անդորրագրի) տրամադրումը:
4.1.11. Հնարավորություն ընձեռնել Օգտատերերին, որպեսզի Օգտատերը, Համակարգում նշելով իր էլեկտրոնային հասցեն, ստանա քաղվածք ամսական կտրվածքով Հաշվառման հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ, ինչպես նաև ցանկացած պահի դրությամբ Համակարգից տեսնի իրենց գործառնությունների վերաբերյալ պատմությունը:
4.1.12. Վեճերի ծագման դեպքում` Օգտատիրոջ դիմումի հիման վրա տրամադրել կնիքով հաստատված տեղեկանք Օգտատիրոջ կողմից Համակարգի միջոցով կատարված փոխանցումների մասին:
4.1.13. Կեղծիքների, չարտոնագրված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների դեպքում, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորի մեղքով, իրեն հասանելի մեթոդներով Օգտատերներին անմիջապես տեղյակ պահելուց հետո, փորձել վերականգնել Համակարգի աշխատանքը` առավելագույնը 24 (քսանչորս) ժամվա ընթացքում, հակառակ դեմքում՝ հատուցել Օգտատիրոջ կրած իրական վնասը՝ Օգտատիրոջ կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում:
4.1.14. Օգտատիրոջը տեղեկացնել բոլոր այն հանգամանքների առաջացման, փոփոխման կամ վերացման մասին, որոնք էական նշանակություն ունեն Հրապարակային պայմանագրի կատարման համար:
4.2. Համակարգի օպերատորն իրավունք ունի.
4.2.1. Մերժել Օգտատիրոջ գործարքը եթե.
(i) Օգտատերը չի անցել համապատասխան նույնականացում.
(ii) Օգտատիրոջ գործողությունների օրինականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ են առկա.
(iii) Օգտատերը սխալ է մուտքագրել PIN կոդը.
(iv) Գործարքի գումարը չի համապատասխանում Համակարգի օպերատորի կողմից տվյալ ծառայության համար սահմանված սահմանաչափերին
(v) նման մերժումը սահմանված է Հրապարակային պայմանագրի այլ կետով, Համակարգի օպերատորի կողմից ընդունված այլ գրավոր փաստաթղթով, որին Օգտատերը միացել է կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
4.2.2. Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի համապատասխան բաժիններում սահմանել և իր հայեցողությամբ թարմացնել Հաշվառման հաշվին կամ Հաշվառման հաշվից կատարվող գործարքների նվազագույն և առավելագույն չափերը` ըստ Հաշվառման հաշիվների կարգավիճակների:
4.2.3. Մերժել Օգտատիրոջ կողմից ներկայացված՝ գործարքի չեղարկման դիմումը, եթե այդ գործարքի կատարումը Համակարգի օպերատորի կողմից հնարավոր չէ՝ Համակարգի կանոններից կամ Ծառայություն մատուցողների պահանջից ելնելով:
4.2.4. Չվերադարձնել գանձված միջնորդավճարը Ավարտված գործարքով՝ Օգտատիրոջ կողմից գործարքի չեղարկման դիմում ներկայացնելու դեպքում: Գանձված միջնորդավճարը ենթակա է վերադարձման Օգտատիրոջը, եթե գործարքի չեղարկումը տեղի է ունեցել Համակարգի օպերատորի մեղքով:
4.2.5. Համակարգի գործունեությունն ապահովող սարքավորումներում և ծրագրերում բարեփոխումների, ծրագրային բարելավումների, անվտանգության մակարդակի բարձրացման և այլ կանխարգելիչ աշխատանքներ կատարելու նպատակով` ժամանակավորապես դադարեցնել Համակարգի գործունեությունը` նախապես տեղեկացնելով Օգտատիրոջը:
4.2.6. Համակարգի Օպերատորի պաշտոնական կայքում նախապես հաղորդագրություն տեղադրելուց հետո` միակողմանիորեն փոփոխել Հրապարակային պայմանագրի դրույթները:
4.2.7. Լուծել Հրապարակային պայմանագիրը՝ համաձայն Հավելված 2-ում նկարագրված «Լուծված» կարգավիճակի:
4.2.8. Հրապարակային պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների իրականացման համար իր հաշվին և իր հայեցողությամբ ներգրավել երրորդ անձանց:
4.2.9. Պահանջել և ստանալ Հավելված 1-ով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները:
4.2.10. ՀՀ օրենսդրությամբ, ներառյալ՝ ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով Օգտատիրոջից պահանջել հավելյալ տեղեկություններ:
4.2.11. Հրապարակային պայմանագրով նշված դեպքերում արգելափակել Օգտատիրոջ «Իդրամ» ID-ն, եթե.
(i) Օգտատիրոջ կողմից իր Իդրամ» ID-ն արգելափակելու խնդրանքով Համակարգի Օպերատորին համապատասխան պահանջի ներկայացման դեպքում, եթե Օգտատիրոջ ներկայացրած տվյալները թույլ են տալիս նույնականացնել դիմողին.
(ii) «Իդրամ» ID-ի օգտագործումը զուգորդվել է Համակարգ անօրինական մուտք գործելու կամ Համակարգի անվտանգության այլ կերպ խախտման փորձի հետ.
(iii) Համակարգի օպերատորի տեղեկատվական անվտանգության համակարգերի կողմից՝ «Իդրամ» ID-ի ամբողջականության և անվտանգության նկատառումներից ելնելով.
(iv) Օգտատիրոջ կողմից Հրապարակային պայմանագրով, ինչպես ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կանոնների խախտման, խախտման կասկածի դեպքում.
(v) Օգտվել Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից.
(vi) Իրավասու մարմնից ստացվել է տեղեկություն առ այն, որ Օգտատերը մահացել է, դատարանի վճռով ճանաչվել է մահացած, անհայտ բացակայող, սնանկ կամ իրավաբանական անձի կամ ամհատ ձեռնարկատիրոջ գործնեությունը ժամանակավորապես դադարեցվել է, մինչև իրավահաջորդի պարզելը կամ ժառանգության բացվելը.
(vii) Իրավասու մարմնից ստացվել է տեղեկություն առ այն, որ Օգտատերը ճանաչվել է անգործունակ:

5. Օգտատիրոջ իրավունքներն ու պարտականությունները
5.1. Օգտատերը պարտավոր է.
5.1.1. Պատշաճ ձևով իրականացնել Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում նախատեսված պարտավորությունները:
5.1.2. Համակարգի Օպերատորին տրամադրել հավաստի անձնական տվյալներ և տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են Հրապարակային պայմանագրի շրջանակներում ծառայություններից օգտվելու համար:
5.1.3. Օգտատիրոջ կողմից իրականացվող գործարքի հաստատման վերաբերյալ կասկած ունենալու դեպքում անմիջապես այդ մասին տեղեկացնել Համակարգի օպերատորին:
5.1.4. Համակարգից օգտվելու ընթացքում հետևել Համակարգի կանոններին:
5.1.5. Խստորեն պահպանել Հրապարակային պայմանագրի շրջանակներում հայտնի դարձած և փոխանակվող տեղեկատվության գաղտնիությունը:
5.1.6. Պատասխանատվություն կրել իր «Իդրամ» ID-ից դրամական միջոցների կորստի և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են «Իդրամ» ID մուտքի և գործարքի հաստատման տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու դեպքերում` անկախ Օգտատիրոջ անզգուշությունից, անփութությունից, չիմացությունից կամ մեղքի առկայությունից:
5.1.7. Համակարգի օպերատորին հնարավորինս սեղմ ժամկետում ծանուցել այնպիսի հանգամանքների առաջացման, փոփոխման կամ դադարեցման մասին, որոնք էական նշանակություն ունեն Համակարգի գործունեության համար այդ թվում, բայց չսահմանափակվելով Համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների կամ այլ խնդիրների մասին:
5.1.8. Համակարգի օպերատորին անմիջապես տեղեկացնել Օգտատիրոջ անձնագրային տվյալների կամ Համակարգի օպերատորին տրամադրած այլ տեղեկությունների փոփոխման դեպքում:
5.1.9. Հաշվառման հաշիվը չօգտագործել կամ հնարավորություն չտալ երրորդ անձանց օգտագործել Հաշվառման հաշիվը ձեռնարկատիրական նպատակներով:
5.1.10. Համակարգի օպերատորին բացահայտել Հաշվառման հաշվի և/կամ Հաշվառման հաշվում առկա դրամական միջոցների իրական շահառուին, և Համակարգի օպերատորի հիմնավոր պահանջի դեպքում Համակարգի օպերատորին ներկայացնել իրական շահառուի և դրամական միջոցների ստացման աղբյուրների վերաբերյալ տեղեկություններ:
5.2. Օգտատերն իրավունք ունի.
5.2.1. Օգտվել Համակարգում հասանելի բոլոր ծառայություններից՝ Համակարգի կանոնների համաձայն:
5.2.2. Հրապարակային պայմանագրից բխող իր իրավունքները փոխանցել երրորդ անձանց` այդ մասին նախապես տեղեկացնելով Համակարգի օպերատորին: Ընդ որում, իրավունքներ ստացող երրորդ անձը՝ նոր իրավատերը ևս պետք է անցնի Համակարգի կանոններով և Հրապարակային պայմանագրով սահմանված նույնականացում:
5.2.3. Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում սահմանված կարգով դիմել Համակարգի օպերատորին` «Իդրամ» ID-ում կուտակված «Իդրամ» միավորների մարման խնդրանքով:
5.2.4. Իրեն տրամադրված «Իդրամ» ID-ի և/կամ PIN կոդի, ինչպես նաև իր Գաղտնաբառի կորստի դեպքում` Հաշվառման հաշվի «Անձնական բաժնում» սահմանված կարգով դիմել Համակարգի Օպերատորին` իր «Իդրամ» ID-ն վերականգնելու, իրեն նոր PIN կոդի և/կամ Գաղտնաբառ հատկացնելու խնդրանքով:
5.2.5. Կատարել նույնականացված բջջային հեռախոսահամարի փոփոխություն` Հաշվառման հաշվում Համակարգի կանոններին համապատասխան:
5.2.6. Ուղարկել դիմում-բողոքներ ինչպես էլեկտրոնային, այնպես էլ փաստաթղթային եղանակով` համաձայն Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի «Հետադարձ կապ» բաժնում տեղադրված փոստային և էլեկտրոնային հասցեների:
5.2.7. Առաջարկություններ անել Հրապարակային պայմանագրի շրջանականերում մատուցվող ծառայությունների որակի և ընթացակարգի վերաբերյալ:
5.2.8. Համակարգում նշել իր էլեկտրոնային հասցեն՝ Հրապարակային պայմանագրի 4.1.11-րդ կետով նախատեսված քաղվածքը ստանալու համար: Ընդ որում, քանի դեռ Օգտատերը Համակարգում չի նշել իր էլեկտրոնային փոստի հասցեն, սա նշանակում է, որ Օգտագերը հրաժարվում է ստանալ քաղվածք ամսական կտրվածքով Հաշվառման հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ:

6. Կողմերի պատասխանատվությունը
6.1. Կողմերը պատասխանատվություն են կրում Հրապարակային պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
6.2. Համակարգի օպերատորը Օգտատիրոջ կողմից վճարած կանխավճարի մասով պատասխանատվություն է կրում միայն կանխավճարի վճարումը հաստատող բանկային փոխանցման անդորրագրի, մուտքի դրամարկղային օրդերի կամ Ֆինանսական կազմակեպության կողմից տրամադրված վճարման կտրոնի առկայության դեպքում, ինչպես նաև տվյալ Հաշվառման հաշվի Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի տվյալների և Համակարգում եղած տվյալների համապատասխանության դեպքում:
6.3. Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Համակարգի գործունեությունն ապահովող սարքավորումների և ծրագրերի խափանման և սխալների համար, ինչպես նաև Օգտատիրոջ կողմից Համակարգ մուտք գործելու ժամանակավոր անհնարինության համար, եթե դրանք առաջացել են Համակարգի Օպերատորից անկախ պատճառներով: Այնուամենայնիվ, Համակարգի օպերատորը պարտավորվում է Օգտատերներին անմիջապես տեղեկացնել առաջացած խնդիրների մասին` իրեն հասանելի մեթոդներով:
6.4. Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջը ծառայությունների մատուցումը մերժելու համար, եթե այդ մերժումը կատարվել է Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում սահմանված հիմքերով:
6.5. Համակարգի օպերատորը պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ համակարգչում պարունակվող տեղեկատվության գաղտնիության համար:
6.6. Համակարգի օպերատորի կողմից Օգտատիրոջը մատուցվող ծառայությունների վերաբերյալ առաջացած բողոք-պահանջները բավարարվում են՝ համաձայն Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում տեղադրված ընթացակարգի:
6.7. Օգտատերը պատասխանատվություն է կրում իր կողմից Գաղտնաբառը, Հաշվառման հաշվի համարը և/կամ PIN կոդը կորցնելու կամ որևէ կերպ երրորդ անձանց տրամադրելու հետևանքով առաջացած ցանկացած հետևանքի համար:
6.8. Համակարգի օպերատորը չի կրում պատասխանատվություն Հրապարակային պայմանագրով սահմանված՝ «Իդրամ» ID-ից դրամական միջոցների կորստի և այլ բացասական դեպքերի համար, որոնք առաջանում են «Իդրամ» ID մուտքի և գործարքի հաստատման տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով:

7. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը /Ֆորս-մաժոր/
7.1. Հրապարակային պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է Հրապարակային պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելակել: Այդպիսի իրավիճակներն են` երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների, ներառյալ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից ընդունված ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Հրապարակային պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 /երեք/ ամսից ավելի, ապա Հրապարակային պայմանագրի կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

8. Համակարգում առաջացած կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ խնդիրների կարգավորում
8.1. Համակարգում առաջացած կեղծինքերի, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օգտատերը կարող է տեղեկացնել Օպերատորին առաջացած խնդիրների վերաբերյալ սույն Հրապարակային պայմանագրով նախատեսված ծանուցումների ընթացակարգով։ Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական սխալները և այլ համազոր խնիրները հանգեցրել են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի վրա առկա «Իդրամ» միավորների կորստի, ապա Օգտատերն այդ մասին պարտավոր է տեղեկացնել Օպերատորին անհապաղ, սակայն ոչ ուշ քան նման կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնիրների մասին տեղեկանալուց 5 /հինգ/ օրացուցային օրվա ընթացքում։
8.2. Համակարգում առաջացած կեղծինքերի, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների մասին տեղեկանալու պարագայում Օպերատորը պարտավոր է ձեռնարկել բոլոր տեխնիկապես հնարավոր միջոցառումները և գործողությունները չարտոնված գործառնությունների չեղարկման, կեղծիքների և տեխնիկական սխալների վերացման և այլ համազոր խնդիրների լուծման ուղղությամբ։ Օպերատորը ձեռնարկում է համակարգում առաջացած կեղծինքերի, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնդիրների առաջացման պատճառների ուսումնասիրություն, միջոցներ ձեռնարկում դրանց պատճառների վերացման ուղղությամբ և ծանուցում Օգտատերերին ձեռնարկված միջոցառումների արդյունքների վերաբերյալ։
8.3. Եթե Համակարգում առաջացած կեղծիքները, չարտոնված գործառնությունները, տեխնիկական սխալները և այլ համազոր խնիրները հանգեցրել են Օգտատիրոջ Հաշվառման հաշվի վրա առկա «Իդրամ» միավորների կորստի, ապա Օպերատորը պարտավոր է վերականգնել Օգտատիրոջ Հաշվառման հաշվից պակասած «Իդրամ» միավորները, բացառությամբ այն դեպքերի, երբ Համակարգում կեղծիքների, չարտոնված գործառնությունների, տեխնիկական սխալների և այլ համազոր խնիրների առաջացման պահից անցել է 2 /երկու/ ամսից ավելի և Օգտատերն այդ մասին չի տեղեկացրել Օպերատորին կեղծիքի, չարտոնված գործառնության, տեխնիկական սխալի կամ այլ համազոր խնդրի մասին տեղեկանալուց 5 /հինգ/ օրացուցային օրվա ընթացքում։

9. Կիրառելի իրավունք և վեճերի կարգավորում
9.1. Հրապարակային պայմանագիրը մեկնաբանվում է ՀՀ օրենսդրության համապատասխան։
9.2. Հրապարակային պայմանագրի կիրառման և մեկնաբանման առնչությամբ առաջացած ցանկացած վեճ կամ տարաձայնություն ենթակա է կարգավորման «Իդրամ» ՍՊԸ-ի վճարումների ընդունման հնարավոր սխալների, բողոքների և վեճերի կարգավորման ընթացակարգի, որը հասանելի է Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում:
9.3. «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով Հրապարակային պայմանագրի առնչությամբ առաջացած վեճը կամ տարաձայնությունը, որը չի լուծվում Հրապարակային պայմանագրի 9.2-րդ կետով սահմանված բանակցային եղանակով, կարող է հանձնվել ֆինանսական համակարգի հաշտարարի քննությանը՝ «Ֆինանսական Համակարգի Հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քննելու և լուծելու համար: Ընդ որում ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները չեն կարող վիճարկվել Համակարգի օպերատորի կողմից:

10. Այլ դրույթներ
10.1. Հրապարակային պայմանագրով չկարգավորված հարցերը կարգավորվում են Համակարգի Օպերատորի պաշտոնական կայքում նախատեսված դրույթներով, իսկ այդպիսի դրույթների բացակայության դեպքում` ՀՀ օրենսդրությամբ:
10.2. Հրապարակային պայմանագիրն էլեկտրոնային տեսքով կնքելը իր իրավաբանական հետևանքներով հավասարեցվում է Համակարգի օպերատորի և Օգտատիրոջ ստորագրությամբ գրավոր փաստաթուղթ կազմելու միջոցով պայմանագիր կնքելու իրավաբանական հետևանքներին:
10.3. Համակարգում բոլոր ծառայությունների մատուցման կարգը և ժամկետները նկարագրված են Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում:
10.4. Հրապարակային պայմանագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ «Իդրամ» ID-ի ստեղծման պահից:
10.5. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնել Հրապարակային պայմանագիրը` այդ մասին մյուս կողմին 15 /տասնհինգ օր/ առաջ ծանուցում ուղարկելու միջոցով:

11. Ծանուցումներ
11.1. Հրապարակային պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում Հրապարակային պայմանագրի շրջանակներում բոլոր ծանուցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային փոստի, Համակարգի օպերատորի պաշտոնական կայքի, Դրամապանակի կամ ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով, որպիսի եղանակով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ:
11.2. Տեխնիկական առանձնահատկություններից ելնելով՝ Օպերատորը չի կարող երաշխավորել էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարով ուղարկված հաղորդագրությունների ստացումը Հաճախորդի կողմից:

12. Իրավունքների փոխանցումը
12.1. Համակարգի օպերատորն իրավունք ունի միակողմանիորեն փոխանցել Հրապարակային պայմանագրով ստանձնած իր բոլոր իրավունքները և պարտականությունները Հեղինակավոր ստացողի, իսկ Օգտատերը տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը ցանկացած նման փոխանցմանը՝ պայմանով, որ Օգտատիրոջ բոլոր իրավունքները և շահերը կպահպանվեն։
12.2. Հրապարակային պայմանագրի 12.1 կետով նախատեսված փոխանցումը ներառելու է նաև անձնական տվյալների մշակման ոլորտում Համակարգի օպերատորի համապատասխան իրավունքները, որոնց առնչությամբ Օգտատերը տվել է իր համաձայնությունը Տվյալների գաղտնիության մասին փաստաթղթի (Հավելված 1) համաձայն, ինչպես նաև Օգտատիրոջ գործարքների պատմությունը։ Օգտատերն այսպիսով տալիս է իր համաձայնությունը անձնական տվյալների, ներառյալ՝ գործարքների պատմության ցանկացած նման փոխանցմանը Հեղինակավոր ստացողին և տալիս անձնական տվյալների մշակման առնչությամբ իր համաձայնությունը՝ Համակարգի օպերատորի առնչությամբ կիրառելի պայմաններին համապատասխան՝ այնպես ինչպես, եթե այդ այդ պայմանները կիրառելի լինեն Հեղինակավոր ստացողի նկատմամբ։


Հավելված 1
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Ա. Ընդհանուր տեղեկություններ
Համակարգի օպերատորը սույնով պարտավորվում է ապահովել իր Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը` Տվյալների գաղտնիության մասին փաստաթղթում սահմանված պայմաններով: Ընդունելով սույն Տվյալների գաղտնության մասին փաստաթղթում ներկայացված պահանջներն ու պայմանները՝ Օգտատերը համաձայնում է Համակարգի օպերատորի կողմից իր անձնական տվյալների օգտագործմանն ու բացահայտմանը՝ Տվյալների գաղտնիության մասին փաստաթղթում ներկայացված կարգով: Սույն Տվյալների գաղտնիության մասին փաստաթուղթը համարվում է Հրապարակային պայմանագրի անբաժանելի մասը, և դրանում ներառված բոլոր բառերը/եզրույթները ունեն Հրապարակային պայմանագրում սահմանված նշանակությունները:

Բ. Անձնական տվյալների հավաքագրում և օգտագործում
Օգտատիրոջը Համակարգում գրանցելու եւ «Իդրամ» ունիկալ հաշվառման համար («Իդրամ» ID) տրամադրելու նպատակով Համակարգի օպերատորը ձեռք է բերում Օգտատիրոջ մի շարք անձնական տվյալներ, որոնք են՝ անուն, ազգանուն, գրանցման եւ բնակության հասցե, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամար (քաղաքային և բջջային), ինչպես նաև այնպիսի պարտադիր տեղեկություններ, ինչպիսիք են՝ ծննդյան ամսաթիվ, անձնագրի տվյալներ և այլն: Սույն կետի նպատակներից ելնելով՝ Համակարգի օպերատորն իրավունքի ունի պահանջել և իր մոտ պահել Օգտատիրոջ անձնագրի/անձը հաստատող փաստաթղթի և/կամ հանրային ծառայությունների համարանիշի թղթային կամ էլեկտրոնային պատճենը: Հրապարակային պայմանագրի ուժով Համակարգի օպերատորը նաև իրավունք և լիազորություն է ստանում համապատասպան հարցում կատարել և ստանալ Օգտատիրոջ անձնագրային տվյալների վերաբերյալ թարմացված/փոփոխված տեղեկություններ՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեղեկատվական շտեմարանից: Նշված անձնական տվյալների ձեռքբերումը նպաստում է Օգտատերերի` ՀՀ օրենսդրությամբ, Հրապարակային պայմանագրով և Համակարգի օպերատորի կանոնակարգով սահմանված նույնականացմանը եւ անհրաժշտության դեպքում համապատասխան միջոցառումների ձեռնարկմանը:
Համակարգի օպերատորը պարտավորվում է չբացահայտել և որևէ կերպ չտարածել իր Օգտատերերի կողմից տրամադրված անձնական տվյալները, բացառությամբ` ՀՀ օրենսդրությամբ և Հրապարակային պայմանագրով սահմանված դեպքերի:
Համակարգի օպերատորը պարտավորվում է պահպանել միայն Իդրամ ԻՎՀ մուտքագրված, Համակարգի օպերատորի մասնաճյուղերում տրամադրված Օգտատերերի անձնական տվյալների գաղտնիությունը:
Համակարգի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալները կարող են օգտագործվել վերջինիս Գաղտնաբառը վերականգնելու, ֆորս-մաժորային իրավիճակներում Օգտատիրոջ հետ կապվելու, Օգտատիրոջը Համակարգում փոփոխությունների և ավելացումների մասին տեղեկացնելու եւ Համակարգի օպերատորի կողմից հաստատված աշխատակարգերով եւ կանոնակարգով նախատեսված այլ դեպքերում:
Օգտատիրոջ կողմից Համակարգի օպերատորին տրամադրված անձնական տվյալները որևէ այլ դեպքերում չեն տրամադրվում երրորդ անձանց, բացառությամբ Օգտատիրոջ կողմից Համակարգի օպերատորի հետ կնքած Հրապարակային Պայմանագրի խախտման եւ/կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում: Բոլոր այլ դեպքերում նման տեղեկատվությունը կարող է բացահայտվել միայն Օգտատիրոջ համաձայնությամբ կամ կարգադրությամբ: Համակարգի օպերատորն իրավունք ունի Համակարգի միջոցով որևէ վճարում ստացող անձին բացահայտել նրան վճարում կատարած անձի անձնական տվյալները և վճարման գործարքին վերաբերող մանրամասները:
Օգտատիրոջ և Համակարգի օպերատորի միջև կնքված Հրապարակային Պայմանագրի նպատակներից ելնելով գաղտնի չի համարվում այն տեղեկատվությունը, որը կարող էր ստացվել այլ եղանակով, առանց գաղտնիության պահանջների խախտման:
«Իդրամ» ID-ով կատարված գործառույթներին վերաբերող տեղեկատվությունը և փաստաթղթերը Համակարգի օպերատորը պահպանում է համապատասխան գործարքի կատարման պահից առնվազն 5 (հինգ) տարի ժամկետով:
Օգտատերը կրում է իր կողմից Համակարգի Օպերատորին տրամադրված տեղեկատվության ոչ ճշգրիտ լինելու բացասական հետևանքների ռիսկերը:

Գ. Պաշտպանվածություն
«Իդրամ» ՍՊ Ընկերությունը պաշտպանում է իր Օգտատիրոջ անձնական տվյալները, որոնք գրանցված են Համակարգում, չլիազորված մուտքերից, օգտագործումից և/կամ բացահայտումից: Օգտատիրոջ անձնական տվյալները և բոլոր գումարային գործարքները պաշտպանված են Secure Socket Layer (SSL) տեխնոլոգիայով՝ 128-բիտանոց, բարձր պաշտպանվածություն ունեցող կոդավորմամբ, որը 100%-ով ապահովում է ինֆորմացիայի անվտանգ հոսքը Օգտատիրոջից դեպի սերվեր եւ հակառակը` բացառելով որեւէ երրորդ կողմի միջամտությունը:

Դ. Փոփոխությունների մասին ծանուցում
Համակարգի աշխատանքը բարելավելու նպատակով` «Իդրամ» ՍՊ Ընկերությունն իրավունք ունի փոփոխություններ կատարել սույն՝ Տվյալների գաղտնիության մասին փաստաթղթում: «Իդրամ» ՍՊ Ընկերությունը պարտավորվում է Օգտատիրոջը տեղյակ պահել Համակարգի կողմից Օգտատիրոջ անձնական տվյալների օգտագործման կանոնների և սահմանափակումների փոփոխությունների մասին այդ փոփոխությունները կատարելուց առնվազն 15 օր առաջ:

 


Հավելված 2


ԻԴՐԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՆԵՐԸ և ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Սույն փաստաթուղթը ներկայացնում է «Իդրամ» վճարային համակարգում Օգտատերերի կողմից բացված հաշվառման հաշիվների հնարավոր կարգավիճակները, դրանց առանձնահատկությունները և օգտագործման պայմանները:
Սույն փաստաթուղթը համարվում է Հրապարակային պայմանագրի անբաժանելի մասը, և դրանում ներառված բոլոր բառերը/տերմինները ունեն Հրապարակային Պայմանագրում սահմանված նշանակությունները:
Գրանցված (registered)` համակարգում բացված հաշվառման հաշիվ, որի միջոցով որևէ գործարք չի իրականացվել: Տվյալ կարգավիճակը պահպանվում է առավելագույնը 90 /իննսուն/ օր, իսկ 90 /իննսուն/ օրից հետո դառնում է Հեռացված հաշվառման հաշիվ (deleted account):
Գործող (active)` հաշվառման հաշիվ, որի միջոցով վերջին 365 /երեք հարյուր վաթսունհինգ/ օրվա ընթացքում կատարել է նվազագույնը մեկ գործարք: Տվյալ կարգավիճակը վերջին գործարքից հետո մեկ տարի անց դառնում է Լուծված հաշվառման հաշիվ (terminated account):
Արգելափակված (locked)` հաշվառման հաշիվ, որը «Իդրամ» ԻՎՀ կողմից ավտոմատ արգելափակվել է Օգտատիրոջ կողմից բազմաթիվ անգամ անձնական տվյալների սխալ մուտքագրման հետևանքով: Արգելափակված կարգավիճակը հնարավոր է վերականգնել Օգտատիրոջ պատշաճ նույնականացման դեպքում`«Իդրամ» ԻՎՀ կողմից: Մեկ տարի արգելափակված կարգավիճակում մնալու դեպքում հաշվառման հաշիվն ավտոմատ կերպով ստանում է Լուծված (terminated) կարգավիճակ:
Կասեցված (suspended)՝ հաշվառման հաշիվ, որը ժամանակավորապես ավտոմատ կերպով կասեցվել է «Իդրամ» ԻՎՀ կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերով սահմանված կասկածելի գործարքի արձանագրման հիմքով: Կասեցված հաշվառման հաշիվը ուսումնասիրվում է Ընկերության ներքին դիտարկումների կենտրոնի կողմից 5 /հինգ/ օրվա ընթացքում, որի արդյունքում Հաշվառման հաշիվը ստանում է կա՛մ Սառեցված (banned), կա՛մ Գործող (active) կարգավիճակ:
Օգտատիրոջ կողմից կասեցված (suspended by user)՝ հաշվառման հաշիվ, որը ժամանակավորապես կասեցվել է Օգտատիրոջ պահանջով: Կասեցված հաշվառման հաշիվը հնարավոր է վերականգնել Օգտատիրոջ պատշաճ նույնականացման դեպքում`«Իդրամ» ԻՎՀ կողմից: Մեկ տարի կասեցված կարգավիճակում մնալու դեպքում հաշվառման հաշիվն ավտոմատ կերպով ստանում է Լուծված (terminated) կարգավիճակ:
Սառեցված (banned)` հաշվառման հաշիվ, որն արգելափակվում է Ընկերության Դիտարկումների մարմնի կողմից` ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության ռիսկերի կառավարման ներքին ընթացակարգերով սահմանված կասկածելի գործարքների արձանագրման դեպքում: Հաշվառման հաշիվը մնում է այս կարգավիճակում մինչև գործարքի կասկածելի որակավորելու հիմքերի վերջնական ուսումնասիրության արդյունքների ամփոփումը, որի հիման վրա ներքին դիտարկումների կենտրոնը իրավասու է կամ փոփոխել հաշվառման հաշվի կարգավիճակը կամ թողնել նույն կարգավիճակում: Հաշվառման հաշիվը հինգ տարի Սառեցված կարգավիճակում մնալու դեպքում ավտոմատ կերպով ստանում է Հեռացված (deleted) կարգավիճակ: Տվյալ կարգավիճակ ունեցող հաշվի մնացորդը Օգտատիրոջը ենթակա է վերադարձման միայն համապատասխան մարմինների կողմից նշված գումարի բռնագանձման պահանջի բացակայության դեպքում, իսկ Օգտատիրոջ կողմից պահանջի բացակայության դեպքում Ընկերությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-Ն-2052-Ն որոշմամբ:
Լուծված (terminated)` հաշվառման հաշիվ, որով վերջին մեկ տարվա ընթացքում գործարք չի իրականացվել. հաշվառման հաշիվը արխիվացվում է և չորս տարի անց հեռացվում համակարգից: Լուծված հաշվին առկա կանխավճարի մնացորդը ենթակա է վերադարձման Օգտատիրոջը՝ առաջին իսկ պահանջի դեպքում, իսկ պահանջի բացակայության դեպքում Ընկերությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-Ն-2052-Ն որոշմամբ: Տվյալ կարգավիճակից հնարավոր չէ վերադառնալ Գործող կարգավիճակի:
Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user)՝ հաշվառման հաշիվ, որն օգտատիրոջ պահանջով փակվում է, արխիվացվում և հինգ տարի անց հեռացվում է համակարգից: Օգտատիրոջ կողմից լուծված հաշվին առկա կանխավճարի մնացորդը ենթակա է վերադարձման Օգտատիրոջը՝ առաջին իսկ պահանջի դեպքում, իսկ Օգտատիրոջ կողմից պահանջի բացակայության դեպքում Ընկերությունն առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-Ն-2052-Ն որոշմամբ:
Հեռացված (deleted)` հաշվառման հաշիվ, որով՝
1. գրանցված (registered) կարգավիճակում 90 օրից ավել ոչ մի գործարք չի իրականացվել.
2. հինգ տարի գտնվել է սառեցված կարգավիճակում.
3. չորս տարի գտնվել է լուծված կարգավիճակում.
4. հինգ տարի գտնվել է օգտատիրոջ կողմից լուծված կարգավիճակում:

 

 


Հավելված 3


ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ և ՊԱՅՄԱՆՆԵՐԸ


Սույն փաստաթուղթը համարվում է Հրապարակային պայմանագրի անբաժանելի մասը, և դրանում ներառված բոլոր բառերը/տերմինները ունեն Հրապարակային պայմանագրում սահմանված նշանակությունները:
«Իդրամ» ԻՎՀ-ում սահմանվում է նույնականացված Օգտատիրոջ երկու կարգավիճակ՝ Պրեմիում և Պրեմիում պլյուս:

1. Պրեմիում Օգտատեր
Պրեմիում կարգավիճակ սահմանվում է Համակարգում բանկային քարտով նույնականացած Օգտատերերի համար:
Բանկային քարտն Հաշվառման հաշվին կցելու և նույնականացում անցնելու համար անհրաժեշտ է՝
• Հայկական բանկի կողմից թողարկված քարտ, որը միացած է «3D Secure» անվտանգության համակարգին:
• Քարտային հաշվին հասանելի առնվազն 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումար:
Օգտատերը Համակարգի ինտերֆեյսում լրացնում է իր բանկային քարտի տվյալները, որոնք պահվում են ԱրՔա համակարգում: Կցման գործընթացն ավարտելու նպատակով կցվող բանկային քարտի հաշվից 500 /հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումարը փոխանցվում է Օգտատիրոջ Հաշվառման հաշվին: Բանկային քարտի կցման գործընթացը համարվում է Օգտատիրոջ նույնականացման գործընթաց, որով սահմանվում է նրա Պրեմիում կարգավիճակը:
Պրեմիում կարգավիճակ ունեցող Օգտատերերը կարող են օգտվել համակարգում առկա ծառայություններից մասնակիորեն, համաձայն Համակարգում սահմանված կանոնների: 

 

2. Պրեմիում պլյուս Օգտատեր
Պրեմիում պլյուս կարգավիճակ սահմանվում է Համակարգում ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի համար՝ ստորև ներկայացվող ընթացակարգով.

2.1. Ֆիզիկական անձ հանդիսացող Օգտատերերի համար՝
2.1.1. Նույնականացում՝ համակարգի օպերատորի գրասենյակում կամ մասնաճյուղում՝
Նույնականացում անցնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձ Օգտատերը պարտավոր է անձը հաստատող փաստաթղթով այցելել Համակարգի օպերատորի որևէ մասնաճյուղ կամ սպասարկման գրասենյակ: Համակարգի օպերատորի մասնաճյուղերի և սպասարկման գրասենյակների հասցեները հասանելի են www.idram.am կայքեջում, Իդրամ Մասնաճյուղեր հղումով:
Նույնականացման գործընթացի ժամանակ Օգտատերը պարտավոր է Համակարգի օպերատորին տրամադրել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները՝
Օգտատիրոջ անունը, ազգանունը, անձնագրի/նույնականացման քարտի սերիան, համարը, տրման ամսաթիվը և վայրը, բնակության հասցեն, հաշվառման հասցեն , հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստի հասցեն:

2.1.2. Հեռակա նույնականացում բիոմետրիկ միջոցներով
Հեռակա նույնականացումը իրականացվում է միայն համակարգի ծրագրային հավելվածի միջոցով հետևյալ քայլերի հաջորդականության ամբողջությունը պահպանված լինելու դեպքում, այն է Օգտատերը՝
 Մուտք է գործում համակարգի ծրագրային հավելվածի «Նույնականացման բաժին»,
 Ընտրում է «հեռակա նույնանականցում» տարբերակը,
 Ընտրում է նույնականացման տարբերակները՝ «Անձնագրով» կամ «Նույնականացման քարտ -ով»,
 Բացված կամերայով նկարում է նույնականացման քարտի կամ անձնագրի առաջին էջը, այնուհետև հետևի կողմը / Նույնականացման քարտի դեպքում/,
 Նկարը հաստատվում է կամ պահանջվում նորից նկարել՝ պատկերի հստակության համար,
 Նկարում է իր դեմքը։
 Համակարգի օպերատորի կողմից հատուկ միջոցներով ստուգվում են տվյալները, ինչից հետո անձի նույնականացումը համարվում է՝
o Կամ բարեհաջող ավարտված
o Կամ դադարեցվում է և նույնականացում անցնելու համար օգտատերը պետք է այցելի Համակարգի օպերատորի մասնաճյուղ կամ սպասարկման գրասենյակ։

2.2. Իրավաբանական անձ հանդիսացող Օգտատերերի համար՝
Օգտատիրոջ լրիվ անվանումը, կազմակերպաիրավական տեսակը, ՀՎՀՀ-ն, փաստացի գտնվելու հասցեն, Օգտատիրոջ վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանքը, իրավասու պաշտոնատար անձի պաշտոնը, լիազորված անձի իրավասությունը հավաստող փաստաթուղթը, անունը, ազգանունը: Համակարգի օպերատորն իրավասու է ներկայացված տեղեկությունների հավաստիությունը ստուգելու համար իրավաբանական անձից պահանջել իրավասու անձի ստորագրությամբ և կնիքով հաստատված գրավոր փաստաթուղթ:

2.3. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող Օգտատերերի համար՝
Նույնականացման գործընթացի ժամանակ Օգտատերը պարտավոր է Համակարգի օպերատորին տրամադրել հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերի պատճենները՝
Օգտատիրոջ անունը, ազգանունը, անձնագիրը, անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանք, լիազորված անձի իրավասությունը հավաստող փաստաթուղթը, ՀՎՀՀ-ն, գործունեության և բնակության հասցեները, հեռախոսահամարները:


ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ և ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատեր հանդիսացող Օգտատերերի նույնականացումը իրականացվում է Համակարգի օպերատորի գլխավոր գրասենյակում և մասնաճյուղերում: ՀՀ քաղաքացի չհանդիսացող Օգտատերերի նույնականացումը իրականացվում է բացառապես Համակարգի օպերատորի գլխավոր գրասենյակում:
Պրեմիում պլյուս կարգավիճակ ունեցող Օգտատերերն իրավունք ունեն օգտվել Համակարգում առկա բոլոր ծառայություններից:

«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0010, Նալբանդյան 48/1
ՀՎՀՀ` 02588245
Վեբ-կայք` www.idram.am
Հեռ.՝ +374 60 700 700

 

 

Էջմիածին և Գորիս մասնաճյուղերը կարճ ժամանակով չեն գործի
Հարգելի օգտատերեր, Մինչև դեկտեմբերի 15-ը Էջմիածինև Գորիս մասնաճյուղերը տեխնիկական պատճառներով չեն գործի: Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար:
Կապան մասնաճյուղը կարճ ժամանակով չի գործի
Հարգելի օգտատերեր, մինչև դեկտեմբերի 9-ը, «Կապան» մասնաճյուղը տեխնիկական պատճառներով չի գործի: Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարության համար։